Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ծննդյան օրն է. լրացավ նրա 69 ամյակը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգեւոր ճեմարան: 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան հոգեւոր ճեմարանը եւ նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:
1979թ. վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա. Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ`ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ եւ տիտղոս: 1989թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը:
1992թ. նրա ջանքերով մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրեւ Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն: 1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում: 1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է: 1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի: 1998թ. Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական ձեռնադրություն եւ օծում:
Գարեգին Բ. Հայրապետն առ այսօր պարգեւատրվել է` Հորդանանի բարձրագույն Ա. կարգի շքանշանով (2000թ.), «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւ,«Ռումինիայի աստղ» շքանշանով (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004թ.), Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշան»- ով(2006թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2007թ.), Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2009թ.):
2009թ. պարգեւատրվել է «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ. Պատրիարքի անվան. մրցանակով: 2001թ. Նորին Սրբությանը շնորհվել է Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի եւ ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: 2008թ. Նորին Սրբությանը շնորհվել է Սալեզիանի Պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Գարեգին Բ. Հայրապետի գահակալությունից հետո օծվել են նորանոր եկեղեցիներ, դրվել են նոր եկեղեցիների հիմքեր:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ մասնավորապես օծվել են Սպիտակի Ս. Հարություն, Երեւանի Ս. Սարգիս, Վայքի Ս. Տրդատ, Տաշիրի Ս. Սարգիս, Մալիշկայի Ս. Աննա, Չարենցավանի Ս. Ամենափրկիչ, Ալավերդու Ս. Գրիգոր Նարեկացի, Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց, Առինջի Ս. Աստվածածին, Գյումրիի Ս. Հակոբ, Մարմարաշենի Ս. Գեւորգ նորակառույց եկեղեցիները,ինչպես նաև Երեւանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին, Պյատիգորսկ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին, Լվովի Ս. Աստվածածնի վերափոխման եկեղեցիները: Վերասրբագործվել են Դվինի Ս. Հարություն, Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե եկեղեցին, Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցին, Սաղմոսավանքը, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Լոնդոնի Ս. Եղիշե, Ապարանի Ս. Խաչ եկեղեցիները:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ վերասրբագործվել են ՀՀ Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու հիմքերը:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվել է Բաց Խորանը եւ Սուրբ Էջմիածնի նոր գլխավոր մուտքը, որը կրում է Ս. Գրիգոր Լուսավորչի անունը: 2001թ. սեպտեմբերի 23-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու օծումը:
Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր շարունակվում են ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: