Հայկական բնապահպանական ճակատը երեկ դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Այնտեղ ասված է, որ կարիք չեն տեսնում կրկնել Ամուլսարի խնդրի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և առավելապես Վայոց ձորի տարածաշրջանի էկոլոգիայի, անգին ջրային պաշարների, տնտեսության ներկայում ակտիվ տարբեր ճյուղերի՝ ներառյալ խաղողագործության ու գինեգործության, Ջերմուկ ջրաբուժական հայտնի առողջարանային քաղաքի, համայնքների ժողովրդագրության, Հայաստանի պետբյուջեի և միջազգային պարտավորությունների (բնապահպանական կոնվենցիաների մասով) վրա բացասական ազդեցության մասին:
«Մենք հիմք ենք ընդունում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի միջազգային փորձագիտական ընկերությունների զեկույցը ՀՀ կառավարությանը, որը հստակ ու առանց տարընթերցումների մատնանշում է «Լիդիան» ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերություններն ու ամփոփում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ եզրակացություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ,
Հիշեցնում ենք 2018 թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդունած ակտերն ու գրությունները բնապահպանության նախարարին, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի «Լիդիան» ընկերությանը տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը,
Պնդում ենք Ջերմուկ խոշորացված համայնքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը, որ արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանում (շուրջ 2900 հոգու ստորագրությամբ և ամրագրված ավագանու որոշմամբ)։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Ուժը կորցրած ճանաչել 2016 թ. նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը (որպես մասնագիտական ու իրավական հիմնավորում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի ընկերությունների փորձագիտական զեկույցը, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հիմնավորումներն ավելին, քան բավարար են)։ Որևէ այլ միջանկյալ գործողություն, որոնց հիմքով հանքարդյունաբերական այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային անաչառ փորձաքննություն անցկացնելու խոստումի կոպիտ խախտում»,-ասված է բնապահպանների նամակում։
Իր հերթին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները:
«Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։ Երկու տարուց ավելի իրավապահ մարմինների թողտվությունը և սեփական անպատժելիությունը վայելող այս խմբավորումն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։ «Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար:
Իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը հիշեցնում ենք, որ օրինական գործունեության բոլոր իրավունքներն ունեցող «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի տարածքում աշխատում են աշխատելու օրենսդրական իրավունքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` շրջակա համայնքների բնակիչներ։ Նրանց աշխատանքի, անվտանգության, կյանքի երաշխավորը պարտավոր է լինել ՀՀ կառավարությունը՝ հանձին իրավապահ մարմինների։ Մինչդեռ անարգել ապօրինություն իրականացնող խմբավորւմը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների կենսական կարիքների հոգալուն և սպառնալիք է դարձել այդ համայնքների բնակիչների համար։ «Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է իր աշխատակիցների անվտագության ապահովման համար։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։