Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման և բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Մեղրաձոր խոշորացված համայնքի բնակավարերում իրականացվող աշխատանքների որակը և ծավալը տեղում տեսնելու և եղած խնդիրներն ու առաջիկա ծրագրերը պատասխանատուների հետ քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանն այսօր այցելել է Մեղրաձոր խոշորացված համայնք: Աղավնաձորում կառավարության սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Փոխմարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Պետական բյուջեի աջակցությամբ Աղավնաձոր բնակավայրում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Արդեն այս տարվա սուբվենցիոն ծրագրով էլ ընթանում են բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ: Երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն ավելի քան 44 մլն դրամ է:
Աղավնաձորում երկար տարիներ նախադպրոցական հաստատություն չի գործել, և բնակավայրի երեխաները ստիպված են եղել հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ: Ծրագրի իրականացման արդյունքում կապիտալ նորոգված և լուսավոր մանկապարտեզում գործելու է 2 խումբ՝ նախատեսված 60 երեխայի համար:
Կոտայքի մարզպետարանը Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հատկացրել է 5 մլն դրամ՝ հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Շուտով աշխատանքները կմեկնարկեն:
Բացի նշված շինարարական ծրագրերից, այս տարի պետական բյուջեի աջակցությամբ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելու Մեղրաձոր համայնքում և Մարմարիկ բնակավայրում: