«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակի պուրակում ուսուցչի համաչափ զարկերի ներքո երեխաները սովորում են քարի հետ աշխատել: Կրթահամալիրն ամբողջ ներուժով պատրաստվում է սեպտեմբերին ՝ դրսում ընդլայնում են հակաբացիլ միջավայրերը, ներսում՝ օդափոխվող տարածքները: Մի քանի 100 ք/մ փակ պատերը փոխարինել են մեծադիր պատուհաններով և մտադիր չեն պարտվել կորոնովիրուսին:
Այս տարի նախատեսված 8 առաջին դասարանի փոխարեն կբացվի 11-ը: Հունիսի 10-ին, տևական մշակումից հետո, կրթահամալիրը կառավարությանն է ներկայացրել ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու առաջարկների իր փաթեթը: Բլեյանի գնահատմամբ` հիմնադրամը շատ ավելի ճկուն համակարգ է իր հեղինակային կրթական ծրագիրը ոչ միայն ամբողջ Հայաստանում տարածելու, այլև միջազգայնացնելու համար: Փաստում է՝ այս դեպքում նաև կառավարությունն է շահում:
Բայց կրթության նախարարությունն այդ փոփոխությունը որևէ կերպ համադրելի չի համարում կրթօջախների՝ համայնքային պատկանելության մեծացման պետական քաղաքականության հետ: Արայիկ Հարությունյանն արդեն հանդիպել է Աշոտ Բլեյանի, ապա նաև կրթահամալիրի խորհրդի ամբողջ կազմի հետ, փորձել համատեղ լուծումներ գտնել ոչ միայն օրենսդրական, այլև կառավարման խորհրդում փոփոխությունների միջոցով, բայց Աշոտ Բլեյանն այդ առաջարկներն անընդունելի է համարում:
Հիմնադրամի վերափոխվելու նախաձեռնությանը, հանրային մեծ աջակցությունը վկայակոչելով, «Սեբաստացի» կրթական համայնքի անդամները նշում են՝ ամուր են պահելու Բլեյանի թիկունքը և նախարարից նույնպես աջակցություն են ակնկալում:
Անգամ հանդիպումներից հետո կողմերը փոխհամաձայնության չհասան: Չնայած հանրային մեծ ճնշմանը, նախարարությունը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, Բլեյանը նույնպես անդրդվելի է: Ի՞նչ կլինի սեպտեմբերի 4-ից հետո, երբ Բլեյանը կնշի իր 65 -ամյակը:
Սեպտեմբերի 5-ին և հաջորդ տասնօրյակը Բլեյանն ու սեբաստացիները կլինեն Վայոց ձորի Արատես կիրճում, որտեղ կշարունակվի քանդակի փառատոնը: Բլեյանը փաստում է՝ Երևան կվերադառնան նոր եռանդով` կրթական քաղաքականություն վարելու իրենց իրավունքը պաշտպանելու համար: