Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Այս մասին «Տրուդ» (Труд) պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ի պատասխան հարցի, թե ինչ կա հայ-ադրբեջանական սահմանային հերթական լարվածության հետևում, և որքանով է մեծ դրա վերածումը լայնածավալ ռազմական հակամարտության, Լավրովը ասել է հետևյալը.
«Ս. թ․ հուլիսի 12-16-ի սահմանային հակամարտությունը դարձավ մեր միջնորդությամբ պատրաստված 1994 թվականի կրակի դադարեցման մասին համաձայնագրի երկրորդ (2016 թվականի ապրիլից հետո) առավել մասշտաբային խախտումը:
Ընդ որում՝ վերջին 26 տարում առաջին անգամ բարձր ինտենսիվության ռազմական բախումները՝ դաշտային հրետանու, ականանետների և հարվածային անօդաչուների օգտագործմամբ, տեղի են ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում։
Հակամարտությանը հանգեցրել է պատճառների մի ամբողջ համալիր։ Հիմքում, բնականաբար, Ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելն է։ Գումարած՝ սահմանի երկու կողմում հանրային տիրույթի բացառիկ թեժացումը»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով նաև աշխարհագրական գործոնը՝ հայկական կողմի որոշումը՝ վերականգնել հին սահմանային կետը, որը գտնվում է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա:
Լավրովի խոսքով՝ դա հարուցել է մի կողմի չափազանց մտահոգությունը, մյուսների՝ չարդարացված պատասխան ռեակցիան, և արդյունքում գործի է դրվել դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով։
Ինչպես ասել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ-ն դիմել է կողմերին` կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը: Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Հայաստանից և Ադրբեջանից գործընկերների հետ:
Լավրովի համոզվամբ՝ ՌԴ-ի հայկական և ադրբեջանական համայնքները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ հետևելու ՌԴ օրենքներին, նպաստելու մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ակտիվ միջնորդության արդյունքում, թեև ոչ առաջին փորձից, սակայն հրադադարի ռեժիմը հուլիսի 16-ից հաստատվել է:
«Ս.թ. օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կարգավորվել է: Սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական անդորրը: Նվազել են փոխադարձ հրապարակային մեղադրանքները: Հուսով ենք՝ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը հնարավորինս արագ կվերականգնվի: Այդ նպատակով աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,- նշել է նա: