Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ԱՀ 2020թ. պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից Լիբանանի հայ համայնքին է հատկացվելու 25 մլն ՀՀ դրամ:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր հաստատել եմ ԱՀ Կառավարության մի նոր որոշում, ըստ որի՝ հերթական աջակցությունն ենք ցուցաբերում լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ ԱՀ 2020թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնելով 25 մլն ՀՀ դրամ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին արցախահայության կողմից օգնության ձեռք մեկնելը դրանով չի սահմանափակվելու:
Ինչպես քանիցս նշել եմ իմ ելույթներում, Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, քանի որ մենք արդեն ունենք համապատասխան ներուժ՝ աջակցության օբյեկտից դառնալու սուբյեկտ՝ առնվազն հայության շրջանում»,- գրել է Արցախի նախագահը: