Վարորդները ճանապարհի այս հատվածը փորձում են զգուշորեն շրջանցել: Հարությունյանները գործի բերումով հաճախ անցնելիս` այդպես էլ անում են, բայց միշտ չէ, որ հաջողվում է:
Գեղամ Հարությունյան, Երևանի բնակիչ - «Արգելակում եմ, որ մեքենային վնաս չտամ: Լինում է, որ դիմացից մեքենա է գալիս, էլ շրջանցելու հնար չկա, ստիպված պիտի անցնես»:
Գրեթե ճանապարհի միջնամասը հասնող այս «ուռուցքը» ոչ միայն անհարմարություն է երթևեկի համար, այլև` վտանգավոր: Խորդուբորդից բացի՝ նաև ճաքեր են հայտնվում ասֆալտին: Տավուշի և Գեղարքունիքի մարզերն իրար կապող Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 70 մ հատվածում սողանքային երևույթը սկսել է զգացվել դեռ 15 տարի առաջ: Ճանապարհի մոտ 11 կմ հատվածը 70-ականներից սպասարկող ճանշին ընկերությունը այստեղ անելիք հաճախ է ունենում:
Գագիկ Վասիլյան, «Հաղարծին» ՓԲԸ ինժեներ - «Տարիներ շարունակ փոսային նորոգումով մի քիչ մեղմացնում ենք, այնտեղ մենք փոսալցում ենք կատարել, որովհետեև նստել էր արդեն, մեքենաների տակերը խփում էր: Խնդիրը` հիմնանորոգում պիտի կատարվի»:
Ճանապարհը վերջին անգամ հիմնովին նորոգվել է 2000-ին:
Գագիկ Վասիլյան - «Հիմա ճանապարհի մաշվածությունը 3 տոկոսից բարձր է, հիմնանորոգման կարիք ունի դարձյալ»:
Դեպի Գոշավանք տանող 4,5 կմ հատվածի համար էլ պատուհաս են հեղեղումները: Անձրևներից 4 նման փլուզում կա` զբոսաշրջային բանուկ ճանապարհին.
Գևորգ Ամիրխանյան, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական ղեկավար - «Գոշավանք այցելուների քանակը շատ մեծ է այս ամռան սեզոնին, վատ վիճակ կարող է առաջանալ: Տեղաբնակները գիտեն այդ հատվածների տեղերը, բայց դրսից եկած հյուրերի համար դժվար է»:
Խնդիրը դուրս չի մնացել մարզի ճանապարհաշինական ծրագրերից:
Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - «Գոշի հատվածում ունենք նաև սողանքային խնդիր, և դա է պատճառը, որ ճանապարհի վիճակի հետ կապված՝ այս օրերին քննարկում ենք, օրինակ, Բերդ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհի հիմնանորոգումը, մեր ծրագրերով դա ընդգրկված է 2021-22 թթ. միջնաժամկետ ծախսերում»:
Մեկ այլ վտանգ էլ կա՝ բառացիորեն կախված Գոշի ճանապարհի վրա. քարաթափումը: Սպառնալիք են հատկապես մեծ քարաբեկորները, որ նկատելիորեն հեռացել են մայր ժայռից: