Կառավարության նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ նախարարությունը սկսել է թեստավորումներ անել տնտեսվարողների շրջանում: Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել:
«Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են բերում»,- ասաց Ասոյանը:
Նա տեղեկացրեց, որ երեք ամիսների 15 օրերի համեմատականով հունիսին ունեցել են 18.2 տոկոս խախտումներ ամբողջ ստուգումներում, հուլիսին՝ 5.1 տոկոս, օգոստոսի 15-օրյակին՝ նվազեցնելով հասցվել է մինչև 3.6 տոկոսի:
«Իրականում շատ կան բարեխիղճ տնտեսվարողներ, և նրանք ամեն կերպ փորձում են պահպանել այդ կանոնները, բայց շատ կարևոր է անձնական պատասխանատվության հարցը: Անձնական պատասխանատվության միջոցով միայն հնարավոր կլինի խնդիրը կարգավորել»,- ասաց Ասոյանը՝ նշելով, որ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ ներկայացնելով պարետի նոր կանոնները: