Սևանա լճից մինչև 4.5 տոննա սիգ որսալու հնարավորություն. վաղվանից ձկնորսները, նոր կարգի համաձայն, կմտնեն օրինական դաշտ: Պահակակետերում, որ 17-ն են, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն ու ոստիկանները հսկողություն կիրականացնեն: Ըստ նախարարի՝ սա կարևոր քայլ է ձկնագողության դեմ, որն ահռելի չափերի է հասել:
Ռոմանոս Պետրոսյանն ասում է՝ չքնաղ Սևանից օրինական կարգով կարող են սիգ որսալ, եթե այն կշռում է կես կիլոգրամից ավելի: Իսկ կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Բնապահպանական ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ պայքարելու են խիստ միջոցներով՝ ուշադրության տակ պահելով թե՛ առաջնային, թե՛ երկրորդային ու միջնորդավորված շուկաները:
Մինչև հոկտեմբեր նախարարությունը Սևանա լճից սիգ որսալու թույլատրելի քանակ սահմանել է 200 տոննան, նախարար Պետրոսյանն արձանագրում է՝ 110 տնտեսվարողի հետ կնքել են ընդհանուր 150 տոննա սիգ որսալու թույլտվության պայմանագիր:
Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի եթերում անդրադարձավ նաև կապուտաչյա գեղեցկուհու էկոհամակարգի խնդրին, ասաց՝ Սևան լճում պահնորդական ջոկատ կգործի, որն առափնյա և ջրային հատվածներում վերահսկողություն կիրականացնի: Պետրոսյանն ասում է՝ նոր ձեռք բերվող տեխնիկական միջոցները կօգնեն արդյունավետ պայքարելու էկոլոգիական աղետի դեմ:
Հանուն Սևանա լճի փրկության, նախարարը բնապահպաններին, իրավագիտակից քաղաքացիներին կոչ արեց համախմբվել, ասաց՝ չեն հանուրժի ոչ միայն ապօրինի որսը, այլև կպայքարեն իրավական կարգավիճակ չունեցող տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, նաև ծրագրեր կմշակեն, որ առափնյա ապօրինի շինություններն օր առաջ ապամոնտաժեն: