«Ոչ որպես պատգամավոր այլ որպես քաղաքացի ևս մեկ անգամ ֆիքսեցի, որ Սերժ Սարգսյանը ինչպես չէր տիրապետում իրավիճակին, այդպես էլ չի տիրապետում»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին:
Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նախօրոք չեն իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն, և որ այս հարցում հայկական հետախուզությունը թերացել է:
Քրիստինե Պողոսյանն այս առնչությամբ հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ դեռևս 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի հայկական կողմը տիրապետել է Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների և հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։
«Հետախուզության մասին մանրամասն կլինի զեկույցում, ես միայն մեջբերեցի Սարգսյանի հայտարարության և Սեյրան Օհանյանի՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հակասությունը: Սարգսյանի խոսքերով ստացվում է՝ բոլորն են մեղավոր, բացի իրենից»,- ասաց Պողոսյանը:
«Մենք հանձնաժողովի աշխատանքները չենք քաղաքականացրել ամբողջ ընթացքում և հիմա էլ չենք անելու, հանձնաժողովի զեկույցի վրա չի ազդելու Սարգսյանի ասուլիսը որքան էլ արվեն փորձեր: Մենք անաչառ, անկողմնակալ զեկույց ենք ներկայացնելու»,- վստահեցրեց պատգամավորը: