Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը:
Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի տարածքային համաչափ զարգացման համար և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
«Նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններն ուղղված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելու և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելու համար:
Մասնավորապես, նախատեսվում է սահմանել համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն յուրաքանչյուր ամիս 1 ք/մ համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան»,- ասաց Պապիկյանը:
Նախարարը մանրամասնեց՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով:
Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 10 %-ի չափով:
«Համապատասխանեցումը բերում է նրան, որ համայնքների տարածքում հարկերի գանձման լիազորությունը տեղափոխվում է համայնքների դաշտ, այն ավագանու լիազորությունների շրջանակում է, և երկրորդ՝ սոցիալական գովազդն ազատվում է հարկերից»,- հավելեց նախարարը:
Երկար քննարկումից հետ Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը: