Օգոստոսի 19-ին 102 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բորիս Պատոնը: Աշխարհահռչակ գիտնականի մահվան կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը:
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ նախագահությունը և Հայաստանի ողջ գիտական հասարակությունը խորապես սգում են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Բորիս Եվգենիի Պատոնի մահը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստացել: Նա զգալի ներդրում ունի մետալուրգիայի զարգացման գործում, նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են խոշոր ծրագրեր:
Հնարավոր չէ գերագնահատել ակադեմիկոս Բորիս Պատոնի մեծ ներդրումը Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման մեջ: Նրա հեղինակությունը և ջանքերը որոշիչ դեր խաղացին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կայացման և գործունեության ծավալման հարցում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով հետխորհրդային տարածաշրջանում գիտության պահպանման և զարգացման գործում:
Ակադեմիկոս Բորիս Պատոնն անվիճելի ներդրում ունի Ուկրաինայի և Հայաստանի գիտական կոլեկտիվների միջև կապերի ամրապնդման գործում: Երկարամյա ընկերությունը միավորել էր ակադեմիկոս Պատոնին և ՀՀ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանին:
Հարգելի՛ գործընկերներ, ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի հիշատակը հավերժ կմնա հայ գիտնականների սրտերում և մտքերում»,- մասնավորապես ասված է նամակում:
Բորիս Պատոնը ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ էր, պարգևատրվել է Հայաստանի ազգային բարձրագույն՝ Անանիա Շիրակացու անվան մեդալով: