Իրավիճակը կայունանում է, բուժօգնությունը կառավարելի է: Բայց, հաշվի առնելով տնտեսական ակտիվությունն ու ազգաբնակչության տեղաշարժը, առողջապահության նախարարի դիտարկմամբ՝ դժվար է լինելու արձանագրվող դեպքերից ավելի ցածր թիվ ունենալը:
Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար - Առնվազն այս վիճակում և նման կառավարելիության վիճակում պահպանելու համար գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանվեն:
Կայունությունը հարաբերական է և ամեն պահի կարող է փոխվել անկայունության, նկատեց վարչապետը: Համավարակի դեմ պայքարում քաղաքականությունը հստակ է՝ որևէ քաղաքացի չպետք է առանց բուժօգնության մնա:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Փառք աստծո, կարողացել ենք ապահովել և կապահովենք առնվազն այն ծավալների պարագայում, ինչ մենք ունեինք հուլիսի սկզբին: Բայց մենք գիտենք` պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու:
Վարչապետի դիտարկմամբ՝ ոստիկանությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակ դնելու կանոնները չպահպանողները պատասխանատվության ենթարկվեն: Նիկոլ Փաշինյանը նորից հիշեցրեց՝ անհատական պատասխանատվությունն ամենաարդյունավետ միջոցն է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Բայց անհատական պատասխանատվության տեսանկյունից` մեր պատասխանատվությունը պահանջվածից թուլացրել ենք:
Արսեն Թորոսյանը մտահոգված է Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում վարակակիրների քանակով: Քաղաքի տարբեր հաստատություններում արձանագրել են թեստերի զրո դրական արդյունք՝ բացառությամբ տեքստիլի երկու ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել:
Այստեղ անելիք ունեն տեսչական մարմինները, նկատեց վարչապետը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց՝ որպես պարտադիր կանոն՝ ջերմաչափում, փակ աղբամաններ, սոցիալական հեռավորության գծանշաններ հիմնարկներում առկա են, ամենայն հավանականությամբ, վարակակիրները դրսից են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կներեք, բայց ստուգման արդյունքը դա չի ցույց տալիս, եթե բոլոր տեղերը ստուգում են զրո է, իրանց մոտ` 50, դա նշանակում է, որ իրենց մոտ է օջախը:
Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը 2 մլն դոլար է, դրանով նախատեսվում է, որ ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ մեր երկրին: Մինչև օրս եղել է բազմակողմանի օգնություն:
Գործադիրը հաստատեց նաև Դդմաշենի կամրջի նորոգումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ կամրջի մասնակի փլուզման հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր:
Սուրեն Պապիկյանն առաջարկեց հավանություն տալ նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ավտոմոբիլային ճանապարհների, գովազդի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններին: Դռնբաց աշխատանքից հետո կառավարությունն անցավ դռնփակ քննարկումներին: