«Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ: Փոխարենը՝ մտածում եմ, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն պրոցեսը, գնահատեն քաղաքապետի, գյուղապետի աշխատանքը»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց իրենց քաղաքական ուղերձը՝ քաղաքացին պետք է կապ տեսնի իր գործողության և իրականության միջև:
«Բա որ համատարած ավերակ է մեր երկրում, եկեք խոստովանենք: Էսքան որ գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, էս արեցինք, էն արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ ենք վերանորոգում, որքան նախկինում ամբողջ հանրապետությունում տեղի էր ունենում 1 տարվա ընթացքում, բայց իրականում դեռ էնքան պետք է կառուցենք:
Համայնքներում էս ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրության և ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ, այսինքն՝ ամեն մարդ էսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը, ու դրա արդյունքը ստացվել է»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ որքան մեծացվի քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան ուժեղ կլինի պետությունը բոլոր առումներով: