Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։
Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզել են, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ է հայտնաբերվել, իսկ Հերացու փողոցում՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի «Օպելը»։
Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են, որ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Շուտով հայտնի է դարձռլ նաև կրակողի ինքնությունը։ Ավանում բնակվող 29-ամյա երիտասարդին ու ատրճանակը հայտնաբերելու միջոցառումներ են սկսվելն, որոնց զուգընթաց Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները բացատրական աշխատանք են տարել։
Արդյունքում՝ կասկածվողը ներկայացել է տարածքային քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու իրավապահներին հանձնել առանց գործարանային համարի կրակող սարք, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: