ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնության մասին «Լուրեր»-ի հետ զրույցում իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը նշել է, որ այդ փաստաթուղթը պատմական ձեռքբերում է արաբ-իսրայելական հարաբերություններում: ԱՄԷ-ն 3-րդ արաբական երկիրն է, որը դե յուրե ճանաչում է Իսրայելի անկախությունը և համագործակցություն սկսում:
Թուրքիան ևս այս հարցում քննադատական, նույնիսկ սպառնալից հայտարարություններ է արել: Ինչո՞ւ:
Ես կասեի՝ հատուկ թունավոր կեցվածք էր Թուրքիայի կողմից: Պետք է հասկանալ, որ Թուրքիան այսօր արաբական երկրների համար սովորական հարևան չէ: Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերն այն է, որ արմատական իսլամիզմի բռնկումներ ստեղծի: Թուրքիան աջակցում է ապակառուցողական ուժերին, փորձում է մտնել այնտեղ, որտեղ հնարավոր է, որպեսզի քաոս ստեղծի: Թուրքիան փաստացի վտանգ է ներկայացնում արաբական երկրների համար: Ինչ վերաբերում է Միջերկրական ծովի խնդիրներին, ապա այստեղ Իսրայելն աջակցում է Հունաստանին՝ իր ջրային տարածքները պաշտպանելու հարցում: Թուրքիայի սպառնալիքները նաև սպառնալիք են Իսրայելի նկատմամբ: Իսրայելը երբեք այդպես չէր արել, բայց այսօր թուրքական սպառնալիքները վտանգում են նաև Եվրոպային գազ մատակարարելու՝ Իսրայելի ծրագրերը: Բնականաբար, բոլոր այդ հարցերը հաշվի առնելով՝ Իսրայելը պետք է հարաբերություններ ձևավորի ինչպես արաբական աշխարհի, այնպես էլ Միջերկրական ծովի երկրների հետ:
Իսրայելը և ԱՄԷ-ն համաձայնության եկան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Ինչի՞ արդյունքում դա հաջողվեց Իսրայելին:
Դա պատմական քայլ էր: Դա օգտակար է երկու երկրներին էլ: Գաղտնիք չէ, որ Իսրայելը զենք է վաճառել ոչ միայն Էմիրություններին, այլ նաև Սաուդյան Արաբիային և տարածաշրջանի մյուս երկրներին: Շատերը գիտեն, որ միլիարդների հասնող պայմանավորվածություններ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այստեղ, սակայն, գլխավորն այն է, որ այս համաձայնագիրը որևէ կապ չունի պաղեստինցիների խնդիրների հետ: Եղել են խաղաղ համաձայնագրեր Եգիպտոսի և Հորդանանի հետ, որոնց համար Իսրայելը նաև որոշ զիջումների է գնացել: Այս դեպքում Իսրայելը որևէ զիջում չի արել: Դա խոսում է այն մասին, որ վերջին կես դարում Իսրայելը դարձել է ավելի ուժեղ, բացի այդ, արաբական շատ երկրներ Թուրքիայի հետ հակամարտության մեջ են: Արաբական այդ երկրներն այլևս չունեն մեծ նավթային հետաքրքրություն Միացյալ Նահանգների կողմից, քանի որ Ամերիկան արդեն ինքն է նավթ արտահանում: Հետևաբար արաբական աշխարհն ու Թուրքիան Միացյալ Նահանգների համար պակաս հետաքրքրություն են ներկայացնում:
Իսկ Իսրայելը մոտ է: Մենք չենք կարող զերծ մնալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրողություններից: Մեր հարևանները շվեդները և նորվեգացիները չեն, այլ արաբ մահմեդականները: Մերձավոր Արևելքի որևէ հակամարտություն չի կարող կապված լինել Իսրայելի հետ՝ ոչ սիրիական հակամարտությունը, ոչ Լիբիայի խնդիրը: Դրանցից որևէ մեկն Իսրայելի հետ կապ չունի:
Իրանը քննադատաբար է վերաբերվել ԱՄԷ-ի որոշմանը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: Դա արդյո՞ք չի խանգարում Իսրայելի տարածաշրջանային հարաբերություններին:
Իրանը քննադատաբար է վերաբերվում Իսրայելի հետ կապված ցանկացած լավ հարաբերության: Բայց դա ճիշտ չէ: ԱՄԷ-ի և Իսրայելի հարաբերությունները որևէ կերպ կապված չեն Իրանի հետ, ավելին՝ Իրանի դեմ չեն: Բոլորի համար պարզ է, որ պաղեստինյան խնդիրն այսօր չի քննարկվում մեր արտաքին հարաբերություններում: Էմիրություններն այս դեպքում առաջին ծիծեռնակն է, որին կհաջորդեն նաև այլ արաբական երկրներ: Կրկնում եմ, դրանք որևէ կապ չունեն որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի և պաղեստինյան խնդրի հետ:
Զրուցել է Նաիրի Հոխիկյանը: