Մոտ 6 ամիս Դալիի հայտնի «Ժամանակի ուրվապատկերը» մնացել էր համավարակին գերի՝ Ազգային պատկերասրահում փակված: Արդեն ժամանակն է ոչ միայն Դալիի «Ժամանակի», այլև Կուբիզմի հիմնադիր Պիկասոյի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսին շտապելու: Թանգարանները բացվել են: Ազգային պատկերասրահում ասում են՝ դռները բացվելուն պես մի քանի ժամում 200-ից ավելի մարդ է շտապել այստեղ:
Ալեքսանդր Շադրինը` ցուցադրության հավաքորդը, սպասում է, ե՞րբ է կարողանալու տանել, այլ երկրներում էլ ցուցադրություններ ունի: Իսկ մեր թանգարաններում կուտակումներից խուսափելու համար խորհուրդ են տալիս նախապես ամրագրել տեղերը:
Փարաջանովի թանգարանը փայլում է, սպասում են այցելուներին: Զավեն Սարգսյանի համար համավարակը նույնիսկ լավ կողմեր է ունեցել. հասցրել է անել այն, ինչի ժամանակը, սովորաբար, չէր լինում: Անձամբ սկսել է ռեստավրացնել Փարաջանովի գործերը:
Դեռ թանգարաններում այցելությունները քիչ են, եկամուտն էլ, բայց ծախսերն են շատ: Նախարարարությունից ասում են հենց դրա համար՝ համավարակի օրերին, դրամաշնորհային մրցույթներ էլ են ունեցել:
Համավարակն ակտիվացրեց թանգարանների օնլայն կյանքը: Կոմիտասի թանգարանն, օրինակ, առցանց հանդիպումների նոր շարք էր սկսել՝ խոսելով նվագարանների և երաժիշտների մասին: Խոստանում են՝ հետո էլ օնլայն կապը կպահեն: Իսկ օֆֆլայն ցուցադրության այցելուներն ավելի շատ ուզում են նայել, քան խոսել:
Սոցիալական հեռավորությունը պահելով թանգարան այցելելն արդեն շքեղություն չէ, իսկ Դալիին ու Պիկասոյին վայելելու ժամանակը քիչ է՝ մինչև կիրակի: