Կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծը, որով 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում է կատարվելու, և նորոգվելու է Դդմաշենի՝ կենսական նշանակություն ունեցող կամուրջը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ Դդմաշենի` մարզային նշանակության ճանապարհին գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր:
«Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել: Նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում, և կամրջի վերանորոգման համար հատկացնել 12,5 միլիոն դրամ: Հիշյալ գումարը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքն է, և վերաբաշխումը պետք է իրականացվի դրա շրջանակներում»,- ասաց Պապիկյանը: