ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011 թթ. ժամանակահատվածում «Մասիս» ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611․072․640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:
Մասնավորապես, ընկերության կանոնադրությամբ ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010 թթ. ընթացքում՝ մաս-մաս, գործով դեռևս չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403,920,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 5000 մ երկարությամբ 1020 մմ և 207,152,640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2880 մ երկարությամբ 820 մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը:
Ապա իր կատարած հափշտակությունը թաքցնելու դիտավորությամբ, տնօրենի պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ նա համոզելու եղանակով դրդել է իր՝ 01.12.2011 թ. հրամանով ձևավորված՝ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի 5 անդամներին փաստացի չկատարել հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են, գտնվում են իրենց տեղում: Հանձնաժողովի անդամներն էլ, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, փաստացի չեն կատարել սահմանված կարգով տարեվերջյան գույքագրումը և դրանից բխող պարտադիր գործողությունները:
Փոխարենը՝ հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն իբրև թե գույքագրում կատարելու մասին՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:
Այնուհետև կեղծ գույքագրման ցուցակը՝ պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթը, հաստատվել է հանձնաժողովի անդամների ստորագրությամբ, հանձնվել ընկերության հաշվապահություն:
Բացի այդ, ՋՕԸ գործադիր տնօրենը դարձյալ գործելով հափշտակության փաստը թաքցնելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ ընկերության 4 աշխատակիցների հետ միասին, իր ստորագրությամբ հաստատել է 20.12.2011թ. ամսաթվով կազմված ՋՕ ընկերության հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը հանձնել, իսկ նոր տնօրենն ընդունել է ընկերության բոլոր հիմնական միջոցները, այդ թվում՝ հափշտակված խողովակաշարը: Այսինքն՝ խմբի կազմում կեղծել է պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթ, որը հանձնվել է ընկերության հաշվապահություն:
Նկարագրված հանցագործության համար Մասիս ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։
2020թ. օգոստոսի 14-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Ա. Դ.-ն կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից հայց է ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Դ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 611․072․640 ՀՀ դրամը:
Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: