Կառավարության այսօրվա նիստում բավարարվել է «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2018 թ. հիմնադրված ընկերությունը Կոտայքի մարզում զբաղվում է կենդանիների, ձկների, ընտանի թռչունների համար համակցված կերերի արտադրությամբ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել համակցված կերերի արտադրության համար սարքավորումներ, գործարանի կառուցման համար շինարարական պարագաներ, հումքի և պատրաստի արտադրանքի փոխադրման համար բեռնատար թամբային քարշակներ և կիսակցորդներ։ Ընկերությունը նախատեսում է կառուցել կերերի արտադրության համար գործարան։ Եղվարդի համակցված կերերի գործարանը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ դրամի չափով ներդրում` ցանկում ներկայացված ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5․7 մլրդ, որից 4․9 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը նախատեսվում է պահեստավորել: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 185 նոր աշխատատեղ` 140-150 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրի որոշմամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի «Մհեր Գասիա» ՍՊԸ-ն: 2012 թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է բժշկական պարագաների (մեկանգամյա օգտագործման ստերիլ և ոչ ստերիլ պարագաներ բժշկական հաստատությունների համար) արտադրությամբ։ Ընկերությունը նպատակ ունի արտադրելու որակական ցուցանիշներով բարձր արտադրանք, որը սպառողնեի համար կլինի ավելի մատչելի: 2020 թ. սկզբին ընկերությունը ձեռք է բերել արտադրական նշանակության տարածք՝ նախատեսելով արտադրել բժշկական դիմակներ, սանիտարահիգենիկ վիրահատական հատուկ նշանակության հագուստ: Ընկերությունն արդեն իսկ կատարել է 75 մլն դրամի կապիտալ ներդրում և ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11.8 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 450 մլն դրամ, որից 320 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը կիրացվի ՀՀ տարածքում։ Արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 150-180 հազ․դրամ միջին աշխատավարձով: