Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցեց «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը:
Նախարարը նշեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է երկու միլիոն դոլար և նախատեսվում է, որ դրանով ձեռք կբերվեն COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ:
«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնություն չէ մեր երկրին: Մենք մինչ օրս էլ բազմակողմանի օգնություն ենք ստացել, այդ թվում՝ շարժական, թվային ռենտգեն սարքավորումներ՝ երկու հատ, ուլտրաձայնային ախտորոշման սարքեր, լաբորատոր, արյան, բիոքիմիական անալիզատորներ և անհատական պաշտպանական միջոցներ»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության և օժանդակության համար: