Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավկովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանկահատվածում ե՞րբ, օրվա ո՞ր ժամին կարող էր կատարվել գողությունը:
Վերամբարձ կռունկ էր գործել: 120 մետր ռելսերն, անկասկած, մասնատել ու բեռնատարով էին տեղափոխել, և պետք է որ ականատեսներ լինեին: Բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվել` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ:
Եվ հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին:
Պարզվել է` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել: Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Հարավ-Կովկասյան երթաթուղի» ՓԲԸ:
Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: