Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 6-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, հայտնում է Ermenihaber-ը:
Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզը՝ ավելացնելով, որ այս տարի մասնակցությունը սահմանափակ է լինելու։
Բիլմեզը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է․ «Աղթամար կղզին և Վանա լիճը աշխարհի մշակութային ժառանգություններն են, որոնք ի պահ են տրվել մեզ՝ վանեցիներիս։ Աղթամար կղզու վրա պատմական եկեղեցի կա։ Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերի 2-րդ կիրակի օր եկեղեցում պատարագ է մատուցվում։ Այս տարի էլ, սեպտեմբերի 6-ին այնտեղ համաճարակային կանոնների պահպանմամբ, ավելի քիչ մասնակցությամբ պատարագ կմատուցվի։ Դրա համար կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ։ Մենք էլ մեր բոլոր հնարավորություններով այնտեղ պատարագ կազմակերպողների կողքին կլինենք։ Այս պատարագով կօգնենք մեր քաղաքի հանրահռչակմանը ու զբոսաշրջությանը»։
Հաղորդվում է, որ Կ․Պոլսի հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար ժամանելու է 25 հոգանոց անձնակազմ։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: