Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի իրավիճակի քննարկմամբ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում 263 նոր դեպք է արձանագրվել 1993 թեստից:
«Այսինքն՝ գնահատելով և համեմատելով նախկին 2-3 շաբաթների իրավիճակը, կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է, սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի: Այդ մասով որևէ խնդիր չունենք:
Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունն ու Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը՝ կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենանք, հետևաբար պետք է սպասենք ու ակնկալենք, որ կտրուկ անկումներ դժվար թե կարողանանք արձանագրել, սակայն առնվազն նման կառավարելիության վիճակում պահպանելու համար, գոնե դրված կանոններն ու առկա սահմանափակումները պետք է պահենք»,- նշեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ կայունությունը հարաբերական է՝ ցանկացած պահի կարող է վերածվել անկայունության:
«Ընդհանուր առմամբ՝ մենք և հանրությունը ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Իհարկե, թվերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, ապա կվերադառնանք էլի հուլիսյան իրավիճակին: Մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, ամբողջ աշխարհում է այդպես, հետևաբար, մեր ընկալումը մնում է նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որ չվարակվեն կորոնավիրուսով:
Իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությունն այն է, որ անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել»,- հավելեց վարչապետը՝ կրկին կոչ անելով պահել հակահամաճարակային կանոնները և իրավիճակը գնահատելով խնդրահարույց:
Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ նախարարությունը սկսել է թեստավորումներ անել տնտեսվարողների շրջանում: Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել:
«Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները պարզապես ընդհանրապես չեն պահպանվում: Այնտեղ, որտեղ կանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ, իսկ որտեղ չեն պահպանվում, տասնյակ դեպքեր ունենք»,- նկատեց առողջապահության նախարարը: