Հայաստան եկող բոլոր ծանրոցները, մինչև կհասնեն փոստատարին, ապա և տիրոջը, նախ «Զվարթնոցի» բեռնային համալիր են մտնում: Այստեղ պարտադիր ռենտգեն սարքի մեջ՝ զննության:
Այս ծանրոցը մաքսավորը մի քանի օր առաջ տեղում կառգրավեր, քանի որ փոստով Հայաստան դեղ բերելը ֆիզիկական անձին՝ քաղաքացուն, արգելված է: Բայց, հաշվի առնելով հարցի սոցիալական կողմը, այն, որ մի շարք հիվանդությունների դեմ նոր պրեպարատներն այստեղ դեռ գրանցված չեն-չկան, լինելիս էլ՝ շատ թանկ են, կառավարությունը որոշեց մարդկանց հնարավորություն տալ նաև միջազգային առաքանիով դեղ ստանալ: Թույլտվությունն արդեն գործում է:
Արտասահմանից ուղարկած դեղն ո՞վ ստացավ, քանի՞ տուփ՝ հստակ հաշվառելու են, որ փոստով դեղ ստանալը չդառնա բիզնես,- զգուշացնում է Գեղամ Սարմազյանը: Այդ կարգը խախտողների, նաև թույլատրելի 3 տուփից շատ դեղ ստացողների խնդիրը լինելու է մաքսավորների դաշտից դուրս: Հարցը կփոխանցեն Առողջապահության նախարարությանը, թույլատրի՝ բեռը բաց կթողնեն, ոչ՝ ոչ,- բացատրում են ՊԵԿ-ում:
Ի դեպ՝ նշանակություն չունի փոստով ստացվող դեղը ծանոթ-բարեկամն է արտասահմանից ուղարկել, թե՞ այն այստեղից քաղաքացին ինքն է համացանցով պատվիրում: Մաքսավորները որևէ խոչընդոտ չեն ստեղծի նաև ծանրոցում չգրանցված դեղ հայտնաբերելիս,- վստահեցնում է ՀՀ ՊԵԿ Մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Միակ խնդիրը նախապես ճշտելն է, որ դեղը հանկարծ հոգեմետ նյութեր չպարունակի, արգելված ցանկից չլինի:
Դեղի կարիք, իր ընտանիքը բարեբախտաբար չունի, ասում է ԱՄՆ-ից քրոջ ուղարկած ծանրոցն ստացող Լուսինեն: Այս անգամ նվեր հեռախոս են ուղարկել: Ծանրոցը մաքսային ձևակերպումների փուլում է: