Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ուղիղ եթերում խոսել է Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղիների, արդյունագործական ձկնորսության մասին:
«Վաղն առավոտյան մեկնարկում ենք արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը: Բոլոր ձկնորսները և արդյունագործական որսով զբաղվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրազեկվել են արդեն այդ մասին հանրային լայն արշավի միջոցով, որ հայտեր ներկայացնեին «Սևան» ազգային պարկ, ապա ներկյացված հայտերի հիման վրա կնքեին պայմանագրեր Շրջակա միջավայրի նախարարության հետ, յուրաքանչյուրն իր հայտի սահմաններում թույլատրելիի սահմաններում ստանար մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու թույլտվություն, այդ 4,5 տոննա սիգ ձկնատեսակի համար յուրաքանչյուր կգ-ի դիմաց 65 դրամ վճարելով պետբյուջե՝ որպես բնօգտագործման վճար, ամբողջովին օրինական, լեգիտիմ դուրս գար լիճ և որսար պաշտոնապես իրեն վերապահված չափաքանակով ձուկը:
Եվ ահա վաղը, 17 պահակակետերը, ինչպես նաև տեսուչների, ոստիկանների ներկայությամբ պետք է իրագործենք վաղուց բաղձալի այդ նախագիծը»,- տեղեկացրել է նախարարը:
«Անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների արգելքը, այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, որը զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել ՇՄ նախարարության հետ՝ դրանով իսկ պարտավորվել, որ մինչև 4,5 տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում որսված ձկան նվազագույն քաշը պետք է լինի 0,5 կգ»,- տեղեկացրեց Պետրոսյանը: