Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին:
Նախարարի խոսքով՝ «այսօր կարևորագույն օր է»:
«Ինչպես գիտեք, վերջին օրերին մեկնարկել ենք Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության կանոնակարգման աշխատանքները: Դեռ ամիսներ առաջ, երբ կառավարությունը արդեն որոշում կայացրեց՝ կանոնակարգելու այդ ոլորտը և հստակ չափորոշիչներ սահմանեց, նախարարությունն իր ողջ աշխատակազմով և մասնավորապես «Սևան» ազգային պարկի տնօրինությունը բավական աշխատանք են կատարել այդ ուղղությամբ՝ վերջապես կյանքի կոչելու 2004 թվականից այս կողմ պաշտոնապես, օրինական գործընթացներով արդյունագործական ձկնորսության չունեցած այդ կանոնակարգումները կյանքի կոչելու ուղղությամբ:
Կարծես թե եկել է այդ պահը Սևանի էկոհամակարգի վերականգնման և Սևանա լճի հիմնախնդրի ցավոտ հարցի լուծման ուղղությամբ հազար մղոն ճանապարհը մեկնարկելու առաջին քայլերը դնելու համար»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ այս ոլորտում «բարեփոխումները լինելու են ցավոտ, էներգատար, մեծ ջանք ու եռանդ են պահանջելու»:
«Սևանա լճի էկոհամակարգի փրկությունն ազգային հիմնախնդիր է, համազգային մարտահրավեր, որը օր առաջ կարիք ունի լուծման՝ կասեցնելու այն գահավիժումը, որի ականատեսն ենք վերջին տասնամյակներին»,- հավելեց նախարարը՝ հավելելով, որ այսօր Սևանում տեսնում ենք կապտականաչ ջրիմուռների ակտիվություն, ափամերձ տարածքներում «խառնափնթոր շինարարություն»:
«Այդ համատեքստում վաղն առավոտյան մեկնարկում ենք արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը»,- ընդգծեց Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին գնում է լճի ափամերձ հատվածների որոշ շենք-շինությունների գույքագրում: