Սերժ Սարգսյանն այսօր ասուլիսի ժամանակ պարզաբանել է Ապրիլյան պատերազմից հետո 1980-ականների զենքերի մասին Գերմանիայում արած իր հայտարարությունը:
«Այն շատ մեծ շահարկումների տեղիք տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 1980-ականների զենք: Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր. «Հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքին, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե այսօր աշխարհում կա՞ մի բանակ, որը չունի 80-ականների զենք:
«Եթե կգտնեք մի այդպիսի բանակ ամենաժամանակակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերը»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա՝ այդ շահարկումները քաղաքական նպատակներով էին, և պատճառը գուցե թեմային չտիրապետելն է եղել:
Իսկ հարցին ի պատասխան, թե ինչու «Իսկանդերը» չկրակեց, Սարգսյանը մեկնաբանել է. «Քառօրյա պատերազմը, առաջին հերթին, լայնածավալ պատերազմ չէր: Քառօրյա պատերազմը լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք օգտագործեինք այդ ժամանակ «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա: «Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները, ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»,- ասաց Սարգսյանը: