ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսի ընթացքում չցանկացավ գնահատականներ տալ Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությանը:
«Ես խոստացել եմ հանձնաժողովում, որ եթե նրանք ինձ տրամադրեն գոնե իմ պատասխանները նրանց բոլոր հարցերին, ապա ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք, որևէ հարց: Նույնիսկ ասել եմ, որ եթե ամբողջը տան, իսկ նրանք ամբողջն ինձ տվել են, ես խոստանում եմ՝ եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի, մինչև 2050 թվականը չհրապարակել որևէ բան: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ես խոստումս պահեմ»,- ասաց Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ-ին ներկայացնելուց հետո առիթ կլինի հանդիպել լրագրողների հետ:
«Հիմա ճիշտ չի լինի, որ մենք կանխակալ կարծիք հայտնենք այդ մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ասուլիսը կարող է ընկալվել որպես ճնշում հանձնաժողովի վրա: «Ես այդպիսի նպատակ չունեմ: Ես համբերատար սպասում եմ, թե երբ կլինի հանձնաժողովի զեկույցը, ու ինչ հանգամանքներ արծարծված կլինեն զեկույցում»,- նշեց նա: