Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, թե հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին:
«Ռազմական գործողությունները սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունները սկսվելու մասին: Այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը: Այսինքն՝ ինչ հրամանի մասին է խոսքը: Առավելագույն հրամանը, որ պետք է տայի՝ գործողության մեջ դրեք պլանը: Այդ պլանն արդեն գործողության մեջ էր, և, ի պատիվ ՊՆ-ի ու ԳՇ-ի, կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են, միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ գործողության մեջ են դրվել»,- հայտարարեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների սկիզբը եղել է անակնկալ: «Իհարկե, ռազմական գործողությունների սկիզբը ինչ-որ չափով անակնկալ էր, գուցե ոչ ինչ-որ չափով. այո անակնկալ էր, միշտ այդպես է լինում: Ցանկացած վատ բանի սպասելիս, երբ այն վրա է հասնում, անակնկալ է լինում: Իսկ ԶՈՒ-ում այդ պաշտպանությունն իրականացնելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք չենք կարող ամեն օր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ: Չենք կարող, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակությամբ պաշտպանության համար ունենալ զինվորներ: Ի վերջո, այդ զինվորները պետք է հանգստանան, պետք է մարտական պատրաստվածությամբ զբաղվեն, և այլ հանգամանքներ կան: Բայց մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, ու թշնամին ընկրկեց՝ բառի բուն իմաստով»,- նշեց նա: