Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում իր ներածական ելույթը:
«Երբ հրապարակ է նետվում թեզ, թե հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը, ու ինչ է պարտությունը որևէ պատերազմում: Պատերազմները միշտ էլ քաղաքական շահեր են հետապնդում, և պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահաղացումները: Որևէ պատերազմի վերջնաարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի իրականացմանը»,- նշեց Սարգսյանը:
Նրա համոզմունքով՝ հնարավոր չէր խուսափել պատերազմից: Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի և պատրաստ չէր ընդունել ԼՂՀ քաղաքացիների՝ իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
«Այսպիսով՝ պատերազմից խուսափելու միայն մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում, անընդունելի էր, այդ ճանապարհը մեզ համար չէր»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում՝ Ալիևն ապացուցեց կառավարության նիստերից մեկի ժամանակ խոստովանելով, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ադրբեջանը նաև ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ապացույցը 1994 թ. ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է: Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության և բանակում տիրող պարտվողի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի և հակառակն իրականացնել Հայաստանում:
«Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին, թե՞ ոչ:
Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից. ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Եթե անհրաժեշտություն լինի, ավելի հանգամանորեն կբացատրեմ:
Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով, փաստորեն, Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թ. եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:
Երրորդ` ինչպես ասացի, Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ-որ առասպել «հաղթանակի» մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար: Չհաջողվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։
Մի փոքր առաջ անցնելով` ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։
Այսքանից հետո՝ հայկական կողմի համար Ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:
Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։
Արդյոք արդյունավե՞տ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։
Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:
Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և գուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:
Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:
Այս գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:
Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա»,- նշեց Ս.Սարգսյանը: