Պետական եկամուտների կոմիտեն 1lurer.am կայքում «ՊԵԿ-ը 1.4 միլիարդ դրամ է պահանջում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբից» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի չկատարված պարտավորությունները գանձելու նպատակով ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում 29.06.2020 թվականին հարուցված վարչական վարույթի նյութերին անտեղյակ լինելու պնդումը, ստորև ներկայացվող հանգամանքներից ելնելով, անհիմն է: Այսպես, հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագիրը, ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի համաձայն, 08.07.2020 թվականին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում, որի համաձայն ի կատարումն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով վարչական մարմնին վերապահված պարտականությունների, ՊԵԿ իրավաբանական վարչությունն առաջարկել է ներկայացված ծանուցումն ուժի մեջ մտնելու օրվա 3-րդ օրը, ժամը 11:00-ին (այլ ոչ թե, ինչպես նշված է հրապարակման մեջ՝ «…օրինակ «Ազդարար»-ում տեղադրում են ու ասում՝ 15 րոպեից պիտի գաս, վարույթի մասնակցեք») ներկայանալ վարչական վարույթի լսումներին, կամ մինչև նույն ժամկետը՝ ներկայացնել նշվածի վերաբերյալ գրավոր բացատրությունը և/կամ առարկությունը` ք. Երևան Ս.Դավիթ 87ա հասցեով։
Ծանուցագրով միաժամանակ տեղեկացվել է, որ չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել հարկ վճարողի բացակայությամբ:
Հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար և որևէ բացատրություն չի տվել, ուստի «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի պետական տուրքի գծով 1.378.093.750 դրամ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 20.07.2020 թվականին կայացվել է «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» որոշումը, որը 21.07.2020 թվականին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում։ Հարկ ենք համարում ընդգծել, որ լսումներին ներակայանալու ծանուցումը, ինչպես նաև գանձման մասին որոշումը օրենսդրության համաձայն տեղադրվել են azdarar.am կայքում: Հետևաբար, ընկերության ներկայացուցիչը ծանուցման մասին կարող էր տեղեկանալ azdarar.am կայքից, ինչպես տեղեկացել էր գանձման որոշման մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ նշված որոշմամբ գանձման ենթակա պետական տուրքի գծով 1.378.093.750 դրամն առաջացել է 2020 թվականի պետական տուրքի հաշվարկից և պետական տուրքի գումարների վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու հետևանքով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տույժերից։
Ինչ վերաբերում է վարչական ակտի բողոքարկմանը, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համապատասխան «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն 03.08.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» 20.07.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 07.08.2020 թվականի թիվ ՎԴ/4740/05/20 որոշմամբ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի հայցադիմումն ընդունել է վարույթ, ուստի հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի գույքի նկատմամբ արգելադրման գործընթաց չի իրականացվում։