Ճնշման սլաքները գիշերվա ժամը 3-ից իջել են 0-ի է, թևաթափ արել կայանի աշխատակիցներին: Հին այս հոսքագիծը, պարզվում է, մինչև երեկ երեք հերթափոխով, օրը 24 ժամ աշխատում և Նորքի ինֆեկցիոնից մինչև Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում կորոնայից բուժվողների արհեստական շնչառության համար՝ հեղուկ թթվածին էր մատակարարում: Վթարվել-կանգնել է: Ջարդված դետալը կախել են նորոգման:
Տեխնիկան այնքան վատ վիճակում է, չգիտեն սարքերից որը փոխեն,- ասում են Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները: Այն, որ Ալիխանյանի անվան լաբորատորիայում գործող պետական Կրիոգեն կենտրոնն ամեն պահի կարող է կանգնել, այստեղ պնդում են, 2 օր առաջ էլ են տեղյակ պահել Առողջապահության նախարարությանը: Ավելին՝ քննարկվել է նույն տեղում նոր հոսքագիծ մոնտաժելու հարցը:
Երկրում եղած մյուս խոշոր նմանատիպ կայանը կորմերցիոն է: Այնպես որ անհրաժեշտ է գոնե այս մեկի տեխնիկական վերազինման հարցը լուծել. հիվանդանոցներից բացի՝ իրենք նաև Պաշտպանության նախարարությանն են ռազմական օդանավերի թռիչքի համար թթվածին ապահովում: Մինչև երբ մի սարքը նորոգեն, մյուսը փչանա՝ ստեղծված իրավիճակում ելք է փնտրում ինստիտուտի գլխավոր ինժեները:
Քովիդի բռնկման ամբողջ ընթացքում այստեղից 6 բուժկենտրոնի ամիսը միջինը 50 տոննա թթվածին են մատակարարել: Պահեստում եղած ազոտի բալոններն արագ դատարկվում են: Թթվածին՝ մեկ հատ է մնացել, 2 տոննանոց տարա, այն էլ արդեն պատվիրված է:
Եր՞բ կկարողանան նորոգել փչացած դետալն ու հոսքագիծը նորից գործի գցել, որ վերսկսեն հիվանդանոցների մատակարարումը՝ Կրիոգեն այս կենտրոնում դժվարանում են կանխատեսել: Արտադրական պրոցեսից մի բան է հստակ. հոսքագիծն աշխատի, դեռ 8 ժամ էլ պետք է անցնի, որ սառեցվող օդից կարողանան մաքուր թթվածին զտել: