Ադրբեջանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները տարածաշրջանային կայունությունը խարխլող ագրեսիա տարածելու հարցում, այնինչ հայկական կողմը պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և բացառվում է ադրբեջանական արկածախնդրությունը: Սա իրանական լրատվամիջոցների՝ վերջին օրերի հրապարակումների հիմնական ասելիքից մեկն է: Իրանական մեդիադաշտը տևական ժամանակ ողողված էր ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող հրապարակումներով:
Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումներից հետո իրանական մամուլն ավելի հաճախ մեջբերում է պաշտոնական Երևանի հայտարարությունները:
MehrNews. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է` այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի շրջանում, պարզապես ոտնձգություն էր իր երկրի նկատմամբ։ Հայաստանի վարչապետն ավելացրել է, որ ավանդական այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, և միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է կարգավորվի, հարգելի է Հայաստանի յուրաքանչյուր կառավարության համար»։
MehrNews-ում այս հոդվածը հրապարակվել է «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» խորագրով: Իրանում խոշորագույններից մեկը համարվող այս լրատվամիջոցը պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը, որն էլ ղեկավարում է հարևան երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանում նույնպիսի ազդեցության մեկ այլ՝ IRNA լրատվական գործակալությունը գրել է. «Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շարունակում է լուրջ սպառնալիք լինել տարածաշրջանային անվտանգության համար»:
IRNA. «Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը հրետանիով, կործանիչներով ու ՀՕՊ համակարգերով լայնածավալ համատեղ զորավարժություններ իրականացրին Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Եվլախում: Տավուշի բախումից հետո տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ դեռևս հնարավոր չէ ունենալ երկարատև խաղաղության տեսլական»:
Արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությանն է անդրադարձել ParsToday գործակալությունը:
«Թուրքիան քննադատում է Մինսկի խմբին» վերնագրով հոդվածում իրանական լրատվամիջոցը նշել է, որ Մինսկի խմբի արդյունավետության մասին ադրբեջանական կողմի պաշտոնական ու փորձագիտական դժգոհություններին ավելացել է նաև Թուրքիայի դիրքորոշումը: ParsToday-ը ևս շեշտում է, որ Արցախյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, քանի որ դա վտանգելու է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, ինչը հաշվի չեն առնում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան