Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման լուրը պաշտոնական Թեհրանում ընկալվեց որպես ամոթալի և չարամիտ քայլ Իրանի և Պաղեստինի նկատմամբ: Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում Էմիրությունների կատարած քայլը ստացավ «ռազմավարական սխալ» անվանումը:
«Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է հաստատված դիվանագիտական հարաբերությունները: Դա ռազմավարական սխալ է Աբու Դաբիի կողմից: Պաղեստինի ժողովուրդը և աշխարհի բոլոր ազատ ազգերը երբեք չեն համակերպվի Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքի բռնազավթման հետ»,-հայտարարեց Իրանի ԱԳՆ-ն:
Իսրայելը և Էմիրությունները կառավարական ու փորձագիտական մակարդակով շտապեցին հայտարարել՝ իրենց հարաբերությունները երկկողմ են և ուղղված չեն որևէ մեկի դեմ: Ավելին՝ Թել-Ավիվը խոստացել է հետ քաշվել Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր բնակավայրերից: Իսրայելի համար անբնական ու անընդունելի էր թուրքական կողմի արձագանքը: Թուրքիայի նախագահը նախ սպառնաց խզել դիվանագիտական կապերը Էմիրությունների հետ, ապա անցնել պատժամիջոցների՝ Իսրայելի հետ որևէ կապ ունեցող երկրներին անվանելով «հակաթուրքական նենգ դաշինք»:
«Լուրեր»-ի հետ զրույցում իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինն ասաց, որ Թուրքիայի ներկա քաղաքականությունը սպառնալիք է նախ և առաջ արաբական աշխարհի համար:
«Այսօր Թուրքիան սպառնալիք է նաև Իսրայելի անվտանգությանը՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի ջրային տարածքում: Իսրայելը գազ է մատակարարելու Եվրոպային, և թուրքական կողմը Հունաստանի դեմ ագրեսիայով ձգտում է խանգարել մեր ծրագրերին»:
Արաբական երկրների շարքում Էմիրությունները երրորդն է դիվանագիտական հարաբերություն հաստատում Իսրայելի հետ՝ ճանաչելով նրա անկախությունը: Ավելի վաղ Եգիպտոսն ու Հորդանանն են պաշտոնական մակարդակի վրա դրել Իսրայելի հետ կապերը: Իրանը համարում է, որ Իսրայելը գրավել է Պաղեստինի տարածքը՝ դատապարտելով Թել Ավիվի հետ բոլոր տեսակի հարաբերությունները:
Նաիրի Հոխիկյան