«Այո՛, ոչ միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ նաև հիմա և ոչ միայն մենք, այլ նաև բոլոր զինված ուժերը միշտ ունենում են լավագույն, ամենաժամանակակից սպառազինության կարիք: 2016 թվականի ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները: Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ կան տեսակետներ, թե Ապրիլյան պատերազմի օրերին սպառազինության պակաս է եղել, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է խոսել անորակ վառելիքի մասին, որի պատճառով էլ զինտեխնիկան այդ օրերին չի աշխատել:
Ըստ Սարգսյանի՝ դեռևս 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի օրերին հարևան Իրանից Հայաստան են ներկրել մեծ քանակությամբ դիզվառելիք, բենզին և հաց:
«Դրանք ոչ միայն մինչև ապրիլյան պատերազմ, այլ մինչև իմ հրաժարականի օրը եղել են որպես պետական ռեզերվներ: Բացի դրանից՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես կուտակել և Ապրիլյանի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, ապա Կարեն Կարապետյանը ևս հրավիրվել է հանձնաժողով, պատասխանել է հանձնաժողովականների հարցերին»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ թեև չեն ունեցել բոլոր լավագույն զինատեսակները, բայց եղածով կատարել են խնդիրը:
Այնուամենայնիվ, խոսելով Կարեն Կարապետյանի հայտարարությունների մասին, Սարգսյանն ասաց. «Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, և նա խոստովանել է, որ դա վրիպում էր, վրիպում էր, որովհետև երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե այսպիսի խնդիր է եղել, բայց հետո ստուգմամբ պարզվել է՝ այդպիսի խնդիր չի եղել: Ուղղակի զուտ կարծում եմ՝ վրիպում էր, թյուրիմացություն»: