Բրյուսելում կայացել է Բելառուսի իրադրության վերաբերյալ Եվրամիության արտահերթ առցանց նիստը, որի ավարտից հետո կառույցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ չեն ճանաչում նախագահի ընտրության արդյունքները և պատրաստակամություն են հայտնել աջակցել Բելառուսում իշխանության խաղաղ անցմանը, հայտնել է RIA Novosti-ն: Նրանք նաև խոստացել են արագ ընդունել պատժամիջոցները, որոնք պետք է ուղղված լինեն Բելառուսում ընտրությունների արդյունքները կեղծած ու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաների նկատմամբ:
Բելառուսի նախագահը, ի դեպ, չի պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զանգերին, Ռուսաստանի նախագահ Պուտինի միջոցով էլ հորդորել է կանցլերին չմիջամտել Բելառուսի ներքին գործերին: Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրում է բելառուսական ընդդիմությանը ֆինանսավորելու հարցում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ, ի պատասխան սոցիալական ցանցերում տեղադրված այն հաղորդագրություններին, թե Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին ռազմական տեխնիկա է տեղակայում, հայտարարել է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Մինսկը Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չեն տեսնում: