Կանաչ բուսածածկով, երկար կամարից ներս այցելուները մոտ ապագայում չոր խոտածածկ դժվար թե տեսնեն: Երևանի բուսաբանական այգում կվերակառուցվի 13 հեկտար կոլեկցիոն՝ Կովկասի, Արևելյան Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական հողամասերի շարքից դուրս եկած ոռոգման ցանցը: Կտեղադրվի խորքային պոմպ՝ ապահովելով մշտական ջրամատակարարում և ոռոգման ջրի զգալի խնայողություն:
Անահիտ Ղուկասյան - ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն - Հնարավոր չէ ամբողջ այգին խնամել, ծրագրեր ենք գրում, որ համատեղ համագործակցության ընթացքում վերականգնենք այգին:
1935թ. հիմնադրված Երևանի բուսաբանական այգին բուսաբանության ինստիտուտի գիտահետազոտական, գիտափորձարարական ստորաբաժանում է: Աշխարհի տարբեր անկյուններից այգում տեղ գտած ֆլորաների կողքին, որպես առանձին հատված, ստեղծել են Հայաստանի ֆլորայի համար: Այստեղ աճում է 3800 տեսակ բույս, 452-ը Կարմիր գրքում է՝ որպես անհետացող տեսակ:
Անահիտ Ղուկասյան - ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն - Եթե համեմատեք Կովկասի ռեգիոնի հետ, այնտեղ աճում է 6000 տեսակի բույս, որոնցից 123-ը էնդեմիկ բուսատեսակներ են, որոնք աճում են միայն Հայաստանում:
Եղածը պահպանելու, կենսաբազմազանությունն այցելուներին առավել տեսանելի դարձնելու համար այգում կառուցվում է էկոկրթական կենտրոն՝ կազմակերպելու ամառային դպրոց, գիտաճանաչողական դասընթացներ: Բուսաբանության ինստիտուտը մշակել էր ծրագիր՝ գործընկեր կազմակերպությունների հետ ստեղծել կրթական և տեղեկատվական կենտրոն:
Կարեն Մանվելյան - «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն - Երևանում բացակայում է նման կենտրոն, որտեղ թե՛ երեխաները, թե՛ երիտասարդները, թե՛ տուրիստները կարող են գալ և մի տեղից ստանալ ինֆորմացիա Հայաստանի բնության վերաբերյալ:
Էկոկրթական, տեղեկատվական կենտրոնը կառուցում են ջերմատան առաջնամասում, վայրի ընտրությունը պատահական չէ: Այցելուները կգան, տեղում կլսեն այգու կառուցվածքի, բուսականության մասին, հետո կշրջեն ամբողջ ջերմատնով: Կլինեն նաև վահանակներ, որոնք կպատմեն տեղանքի և բազմազանության մասին:
Կարեն Մանվելյան - «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն - Այցելուն կարող է ստանալ հատուկ ինֆորմացիա Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ, կենսաբազմազանության, ֆլորայի, ֆանունայի մասին:
Արարատի կիսաանապատային գոտուց դեպի Սևանի տարածաշրջան, մինչև հյուսիսային շրջանի անտառային տարածքներ: Ամբողջը մեկ վայրում, և բոլոր գոտիների մասին կպատմեն գիտաշխատողները: Այս տարի լրանում է Բուսաբանական այգու 85-ամյակը։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել աշնանը: Արդեն հոկտեմբերին Բուսաբանական այգին կունենա բուսական աշխարհին ծանոթացնելու նոր ճանապարհ: