Համավարակի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների խախտման դեպքեր են նկատվել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթներն ընդլայնվել են, և ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել: 1lurer.am-ի հետ զրույցում ԱԱՏՄ աշխատանքի վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանը տեղեկացրեց, որ դիմում-բողոքներին տեսչական մարմինը սկսել է ընթացք տալ միայն լիազոր մարմին ճանաչվելուց հետո:
«Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարվել է դեռևս ապրիլի 29-ին, համաձայն որի՝ արտակարգ բնույթ կրող ու համավարակի ժամանակահատվածում ստացված դիմում-բողոքների հիման վրա տեսչական մարմինը ամբողջական վերահսկողություն է իրականացնում: Տեսչական մարմինը լիազոր մարմին է ճանաչվել Կառավարության կողմից հունիսի 18-ի որոշմամբ, իսկ տեսչական մարմնի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվել են հուլիսի 3-ին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 5-ին»,- ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 5-ից մինչ օրս տեսչական մարմնում ստացվել է առնվազն 40 դիմում-բողոք:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ
Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է հարկադիր պարապուրդին, աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն, աշխատանքից անհիմն ազատելուն:
«Տեսչական մարմնում դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում, եթե աշխատանքային օրենսդրության խախտումներ են արձանագրվում, դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր»,- ասաց ԱԱՏՄ աշխատանքի վերահսկողության վարչության գլխավոր տեսուչը:
2020 թվականի ապրիլի 29-ի փոփոխության համաձայն՝ տեսչական մարմինը կարող է ամբողջական վերահսկողություն իրականացնել, սակայն միայն ստացած գրավոր դիմում-բողոքների հիման վրա: 2021 թվականի հուլիսի 1-ից ոչ միայն կարող է իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթներ՝ առանց գրավոր դիմում- բողոքների առկայության, այլ նաև վերահսկողություն իրականացնելու նպատակով ստուգումներ կատարել:
ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Արշակյանը նշեց, որ հարկադիր պարապուրդը պայմանավորված է նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, օրինակ՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցվել է հենց Պարետի որոշմամբ, և եթե այդ հարկադիր պարապուրդը պայմանավորված է արտակարգ դրությամբ, այդ ժամանակահատվածի համար գործատուն աշխատողին կարող է չվարձատրել:
Փաստաբան Աննա Վարդանյանն ընդգծեց, որ համավարակի ընթացքում ոչ միայն աշխատողները, այլև գործատուների աշխատանքն է տուժել: Նա ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի առաջին կետով նշվում է, որ հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է վարձատրել աշխատողին աշխատավարձի ժամային դրույքաչափի երկու երրորդի չափով, բայց ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի նվազագույնը, սակայն 6-րդ կետով ասվում է, որ համաճարակի դեպքում կարող է չվճարել:
«Մեկ միասնական կարգավորում չունի: Գործատուներ կան, որոնք վճարում են պարապուրդի դեպքում, գործատուներ էլ կան, որոնք չեն վճարում: Կան դեպքեր, երբ աշխատողներին դիմում են գործատուները ու աշխատանքը լուծելու առաջարկ են ուղարկում, քանի որ նման իրավիճակում արգելվում է աշխատողին աշխատանքից ազատել: Դրա համար գործատուները, իրենց ապահովելով, օրենքի սահմանում առաջարկ են ուղարկում աշխատողներին և խնդրում են դիմում գրել ու ազատվել իրենց դիմումի համաձայն: Եթե պարապուրդ է՝ աշխատողի մասնագիտությանը, որակավորմանը, առողջությանը համապատասխան այլ աշխատանքի կարող է գործատուն տեղափոխել, իսկ եթե նախկինի համեմատ ցածր աշխատավարձով աշխատավայր է տեղափոխում, ապա պարտադիր պետք է համաձայնեցնի նաև աշխատողի հետ»,- ասաց Վարդանյանը:
Փաստաբան Քրիստինա Ղուկասյանն էլ ընդգծեց. «Փոփոխությունն այն է, որ եթե նախկինում ուղղակի նշված էր, որ արտակարգ դրության հետ կապված հարկադիր պարապուրդը չի վճարվում, ապա այժմ՝ մայիսի 5-ի փոփոխություններով, «չի վճարվում»-ը փոխվել է «ԿԱՐՈՂ Է չվճարվել»-ով, այսինքն՝ գործատուի հայեցողությանն է թողնված՝ այդ պարագայում վճարի՞, թե՞ ոչ»:
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Համավարակի շրջանում աշխատանքային խնդիրները, փաստաբան Քրիստինա Ղուկասյանի խոսքով, հիմնականում կապված են աշխատանքից ազատվելու կամ վճարման հետ: Անդրադառնալով աշխատանքի ազատման խնդիրներին՝ փաստաբանը նշեց, որ օրենսդիրն ամուր երաշխիք է տրամադրել քաղաքացիներին՝ մասնավորապես մայիսի 5-ի փոփոխություններով, որով, եթե աշխատանքի չներկայանալը պայմանավորված է արտակարգ դրությամբ, և աշխատողը չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ապա դրա հիման վրա գործատուն իրավունք չունի ազատել նրան: Անդրադառնալով հեռավար աշխատանքին՝ փաստաբանն ասաց.
«Օրենքը հստակ նշում է, որ հեռավար աշխատանքը չի համարվում հարկադիր պարապուրդ, և այս պարագայում գործատուն պետք է աշխատողին վճարի ամբողջությամբ: Յուրաքանչյուր դեպքում, եթե գործատուն կարողանում է հնարավորություն տալ աշխատողին աշխատանքը հեռավար իրականացնել, նա իրավունք չունի ստիպելու աշխատողին, որ նա կա՛մ ազատման, կա՛մ արձակուրդի դիմում գրի»:
Արձակուրդի դեպքում օրենքով նախատեսվել է, որ եթե հեռավար էլ հնարավոր չէ իրականացնել աշխատանքը, ապա աշխատողի պահանջով հնարավոր է նրան տրամադրել ամենամյա արձակուրդ:
«Ամենամյա արձակուրդը, բնականաբար, վճարվող արձակուրդն է: Եթե ամենամյա արձակուրդ չունի աշխատողը, այսինքն՝ արդեն սպառել է կամ եթե չի ուզում սպառել իր արձակուրդը, միայն այդ պարագայում նա կարող է չվճարվել, բայց իր աշխատանքի տեղը, միևնույն է, պահպանվում է»,- ասաց Ղուկասյանը:
Փաստաբանը քաղաքացիներին հորդորեց, որ պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները և ոչ մի պարագայում, եթե ցանկություն չունեն աշխատանքից ազատվելու, ազատման դիմում չգրեն, որովհետև օրենքն իրենց պաշտպանում է անհիմն ազատվելուց:
«Հնարավոր է՝ արտակարգ դրության հետ կապված՝ գործատուն ի վիճակի չլինի կատարել վճարումը, որովհետև, բնականաբար հասկանում ենք, եթե ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, եկամուտ չի ստանում և այլն, բայց դա դեռ հիմք չէ նրան աշխատանքից ազատելու: Հնարավոր է մի քանի ամիս անհնար կլինի վճարել, հասկանալի է, բայց աշխատողի տեղը պահպանվում է»,- ասաց փաստաբանը: