Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում ներկայացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կատարած աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ մեր կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների:
COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։
Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։
Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։
Ցավով պետք է նշեմ, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:
Վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:
Կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր:
Զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ»: