«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը, միանալով «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի և Saqanima Georgian Animators Association-ի կազմակերպած 6-րդ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին, բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին՝ ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը կիրականացվի առցանց ձևաչափով։
Անիմացիոն ֆիլմարտադրողները «ՌեԱնիմանիա»-ի դատին կներկայացնեն իրենց նախագծերը, և ուսումնասիրության արդյունքում «Անեսսի» փառատոնի փորձագետների կողմից կընտրվի 6 անիմացիոն կինոնախագիծ։ «Անեսսի» փառատոնի կողմից ընտրված պրոդյուսերը կժամանի Վրաստան և սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կվարի 5-օրյա թրեյնինգ ֆիլմարտադրողների համար։ Դասընթացները կվերաբերեն նախագծերի սցենարական, արտադրական աշխատանքներին, մարքեթինգին, բյուջեի կազմմանը և այլ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը: Աշխատարանի արդյունքում ընտրված 1 լավագույն նախագիծը «Անեսսիի» փորձագետների կողմից կընտրվի մասնակցելու «Անեսսի» փառատոնի կինոշուկային, որը տեղի կունենա 2021 թվականի հունիսին։ «Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը կստանա անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիան» կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»:
Անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը ներկայացված է «ՌեԱնիմանիա» փառատոնի պաշտոնական կայքում։ Ծրագրին մասնակցելու վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
Ծրագրին կարող են դիմել տարբեր ձևաչափերի (կարճամետրաժ/լայնամետրաժ) անիմացիոն ֆիլմերի նախագծեր: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն 1 նախագիծ: Ներկայացվող նախագիծը չպետք է լինի ուսումնական ծրագրի մաս կամ չի կարող նախապես գնված լինել հեռուստատեսության կողմից:
Հայտերը հնարավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Նշենք նաև, որ սա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի և «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի առաջին նմանատիպ համագործակցությունը չէ։ 2018 թվականին Աննեսին և «ՌեԱնիմանիան» Հայաստանում իրականացրել են Animation du Monde ծրագիրը: Փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանեցին «Աննեսիի» փորձագետները՝ 5-օրյա վարպետաց դասընթացներ անցկացնելու 10 լավագույն նախագծերի և իրենց հեղինակների հետ: