Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ երեկ տեսազանգով զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուներից մեկի՝ Անդրանիկ Բաղդասարյանի հետ:
«Բեյրութում ծևված և հեռավոր ԱՄՆ գաղթած մարդու ամեն օրվա հոգսն ու մտածմունքը Հայրենիքն է: Նա Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման ամենամեծ նվիրատուն է:
Քննարկել ենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները Հայրենիքում և Սփյուռքում, անդրադարձել ինչպես լիբանանահայության ներկա կացությանը, այնպես էլ անհրաժեշտության պարագայում նրանց հայրենադարձության կազմակերպմանն առնչվող հարցերին: Պարոն Բաղդասարյանին ներկայացրել եմ նաև Արցախում իրականացվող անվտանգային, տնտեսական և սոցիալական որոշ ծրագրերի մանրամասներ:
Նրա ոգևորությունը և Հայրենիքին կրկին սատար կանգնելու պատրաստակամությունը չզարմացրեցին ինձ: Համոզված եմ՝ շատ շուտով Անդրանիկ Բաղդասարյանին ու Հայրենիքի կարոտով ապրող մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին նորից կհանդիպենք հայրենի հողի վրա»,- գրել է Հարությունյանը: