«Բոլոր այն հայտարարությունները, որ մենք իբր թե իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության տրամադրած տեղեկություններին, կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություն: Ոչ, մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»,- այսօր Ապրիլյան քառօրյայի թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ ինչո՞ւ չեք իմացել հարցին ի պատասխան՝ նա մեկնաբանել է, որ անգամ աշխարհի լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ նախնական տեղեկատվություն:
«Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է: Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություն է պատրաստվում: Եվ ենթադրվող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը: