Հաագայում ՄԱԿ-ի հատուկ տրիբունալն այսօր կհրապարակի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության դատավճիռը բոլոր չորս կասկածյալների բացակայության պայմաններում՝ գրում է Euronews-ը:
Արաբական երկրի կառավարության նախկին ղեկավարի սպանության գործով քննության արդյունքների հրապարակմանը ներկա կլինի Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադ Հարիրին: Դատավճռի հրապարակումից հետո նա հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը տեղի է ունեցել 2005-ի փետրվարի 14-ին: Լիբանանի նախկին վարչապետի ավտոշարասյան մոտ պայթեցվել էր ականապատ բեռնատար, որի հետևանքով մահացել էր 22 մարդ, տուժել էր ևս 200 հոգի: Ողբերգությունից չորս ամիս առաջ Հարիրին հրաժարական էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնից ու ղեկավարում էր ընդդիմությունը, որը պահանջում էր Լիբանանի տարածքից դուրս բերել սիրիական զորախմբերը:
Արաբական երկրում և արտասահմանում շատերը չեն կասկածում, որ սպանության հետևում կանգնած են Դամասկոսը, Թեհրանն ու «Հիզբալլահ» շիայական կազմակերպությունը: