Փոքրիկ բնասերը «Կանաչ տանը» կանաչն է ավելացնում, օգնում բնությանը և իր մայրիկին:
Աշոտ Թամազյան, տարեկան - «Էս լոբիս ա, ցանել եմ, շատ օր թողնում եմ, որ աճի, մի օր տենում եմ՝ սենց ա, ջրում եմ»:
Նաև գիտի խնայել ջուրը.
Աշոտ Թամազյան - «Հենց որ ջուր եմ խմում, չեմ թափում, մի քիչ ջուր որ մնում ա, տանում եմ ծաղիկները ջրում, կամ էլ լոբիս եմ ջրում»:
Որ բնությունը հանգստի լավագույն տեղն է, մշակութաբան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Անի Կոստանդյանը համոզվել է իր ընտանիքի փորձով։ Հանգստի այդ մշակույթը զարգացնելու միտքը համարձակ քայլի մղեց, մեկ տարի առաջ հիմնեց «Կանաչ տուն» ընտանեկան հանգստի գոտին։
Անի Կոստանդյան, մշակութաբան, ձեռներեց - «Նկատել եմ, որ վերջերս մարդիկ ունեն և՛ բնության, և՛ ընտանեկան, մարդկային պարզ, ջերմ հարաբերությունների կարիք: Սա էլ հանգստի մշակույթ է յուրօրինակ, որ բնությունը ամենևին չվնասվի, այլ, հակառակը, խնամվի և ավելի լավը դառնա»։
Սկսնակ ձեռներեցի լավագույն օգնականն ընտանիքն է։ Միասին հաղթահարել են բոլոր դժվարությունները։
Անի Կոստանդյան - «Շատ դժվար բանը հաջողվել է միմյանց աջակցելու, ընտանիքով մի բուռ դառնալու, սիրո շնորհիվ»։
Ջրի խնդիր ունեն, պաշար են հավաքում, մրգատու ծառեր ու փոքրիկ ագարակ խնամում։ Չունեն նաև էլեկտրականություն, փոխարենը արևային էներգիայից են օգտվում, այլ անսովոր լուծումներ գտնում.
Անի Կոստանդյան - «Ծառերն ենք լուսավորել, փորձել ենք այնպես անել, որ մեր այցելուները չզգան էլեկտրականության բացակայությունը»։
Անին խոհանոցի պակասը լրացնելու համար դիմել է կին ձեռներեցներին աջակցող ծրագրին։ Կենցաղի անհարմարություններն անգամ հանգստացողներին հետ չեն պահում` արևելյան մարտարվեստի մարզիկներից մինչև գիտաշխատող։
Արմեն Ավետիսյան - Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ - «Կայ՝ նշանակում է տուն. Այկին բնության հետ ներդաշնակ ապրելու ճանապարհն ա, ահա թե ինչու ենք մենք այստեղ»։
Մալվինա Էվինյան, Երևանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող - «Գերադասում եմ հանգստանալ Տավուշում, մարդը հանգստություն միշտ գտնում ա հենց բնության գրկում»։
Համավարակի պատճառով «Կանաչ տանը» հյուրեր չէր ընդունում մինչև օգոստոսի մեկը, հիմա այցելուների պակաս չկա։ Անին վրանի, տաղավարի և քոթեջի շարքում առանձնացնում է ապակեպատ տանիքով էկոտնակը: Մշակութաբան ձեռներեցի համար բիզնես-շահից ավելի կարևոր հարց կա։
Անի Կոստանդյան - «Իմ շահն է նաև հանգստացած, գեղեցիկ, ժպտացող ընտանիքներ տեսնելը»։
«Կանաչ տան» կարգախոսն է՝ զգա քեզ բնության մասնիկը, նաև զգա` ինչպես քո տանը։