Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի ամբողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։
Վերաբացվել են՝
հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից.
բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց.
ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով՝
գրադարանները,
թանգարանները,
մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,
գրադարանների և թանգարանների,
թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,
օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել
Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ.
Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը.
մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն:
Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4301.pdf»,- գրել է Տիգրան Ավինյանը: