Հույն ռազմական փորձագետ Ֆեյֆոն Կարաիոսիֆիդիսը «Լուրերին» պատմել է, թե ինչ արձագանքներ է ունեցել Թուրքիայի վերջին ագրեսիան Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ: Հույն փորձագետն անդրադարձել է նաև հայ-հունական փոխըմբռնմանը:
Միջերկրական ծովում թուրք-հունական հակամարտության համատեքստում Հայաստանը աջակցություն հայտնեց Հունաստանի։ Թուրքիան դրան կոշտ արձագանքեց' այն անվանելով հակաթուրքական նենգ դաշինք։ Ի՞նչ վերաբերմունք ունի Հունաստանը։
-Թուրքիայի համար իրեն ընդդիմացող յուրաքանչյուր երկիր թշնամի է: Թուրքական ագրեսիային մենք առաջին անգամ չենք հանդիպում, և այդ առումով միայն Հայաստանը կարող է հասկանալ մեզ: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բեռլինը, ո՛չ Փարիզը չեն կարող մեր խնդիրը հասկանալ այնպես, ինչպես Հայաստանը:
Ինչո՞ւ է Թուրքիան հրաժարվում ճանաչել Հունաստանի և Կիպրոսի ծովային իրավունքները։
-Դուք գիտեք, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Թուրքիան անօրինական կերպով մտել է Հունաստանի տնտեսական գոտի, ինչը հակասում է միջազգային իրավունքին: Թուրքիան շարունակում է իր կայսերական նկրտումները: Հունաստանի և Կիպրոսի դեմ իրականացվող այդ քայլերը խախտում են Միջերկրական ծովում մեր տարածքային իրավունքները: Չնայած Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, բայց երկար ժամանակ է՝ չունեն լավ հարաբերություններ: Ցավոք սրտի, դա հունական կառավարության գործողությունների մեղքով չէ: Թուրքիան ձգտում է կայսրություն ստեղծել, նաև գերիշխանություն հաստատել մեր տարածքներում: Բնականաբար, Հունաստանը միջազգային իրավունքի մաս է, և մենք ունենք համաձայնագրեր այլ երկրների՝ Իտալիայի, Եգիպտոսի և այլ պետությունների հետ: Ցավոք, Թուրքիան չի հարգում մեր իրավունքները:
Ի՞նչ միջազգային աջակցություն է ստանում Հունաստանը Միջերկրական ծովի հակամարտության առումով։
-Ֆրանսիան ռազմական աջակցություն հայտնեց Հունաստանին և Կիպրոսին: Մեզ աջակցեցին նաև ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա խաղ է խաղում Թուրքիայի հետ:
Հարցազրույցը վարել է Նաիրի Հոխիկյանը: