ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցել է խմբակցության պատգամավորների մոտ կեսը: «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր»,- նշեց Մակունցը:
Նա տեղեկացրեց՝ հանդիպման ժամանակ պատգամավորները Խունդկարյանին ուղղել են բոլոր հուզող հարցերը:
«Նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի հարցադրումներ, որոնք մամուլում շրջանառվել են, նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ հարցերը թեկնածուներ Վահրամ Ավետիսյանին ու Երվանդ Խունդկարյանին որոշակի ընդհանրություն են իրավական դաշտում գործունեություն ծավալելու պատճառով, բայց, այնուամենայնիվ, դրանք տարբերվում են:
Իսկ թե իշխող խմբակցությունն ինչ դիրքորոշում ունի Խունդկարյանի թեկնածության հարցում՝ Մակունցը չմանրամասնեց, ասաց՝ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում:
Երեկ հայտնի դարձավ, որ Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց՝ պարզաբանելով, թե խորհրդարանում 80 ձայն ստանալն անիրատեսական է: Անդրադառնալով Ավետիսյանի հայտարարությանը՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ, հավանաբար, որոշ պատգամավորների սուր հարցադրումներն են նրա մեջ նման տպավորություն ստեղծել:
«Իմ քայլը» խմբակցությունն այս պահին որևէ տեղեկություն չունի, թե Կառավարություն ունի՞ թեկնածու, թե՝ ոչ: Պարոն Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում, որ ԱԺ-ն ու Կառավարությունը դիտարկեն իր թեկնածությունը, և այստեղ մենք անելիք չունենք, հարգում ենք նրա որոշումը»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրվել է հուլիսի 31-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովում: