Շիրակի մարզի շատ համայնքներում արդեն բերքահավաք է, արդենիսցի հերիքնազ Ջանոյանը լսել է՝ Ազատանում նույնիսկ կարտոֆիլն են քանդում, իսկ Աշոցքում կատոֆիլի ծաղման վերջին փուլն է, ցորենի հասկն էլ դեռ կանաչ է: Ուշ են ցանում, ուշ է ծլում-հասունանում: Ամառն Աշոցքում կարճատև է, արևը՝ թույլ:
Հյուսիսի հյուսիսն է այստեղ, գյուղատնտեսությամբ զբաղվելը գրեթե անհնար է, մեկ էլ տեսար հասկը կանաչ, կարտոֆիլն էլ ծաղիկը վրան սառեց։ Այստեղ երկնքին ավելի հաճախ են նայում՝ Աստծուց բարեհաճություն խնդրելու և ցրտերը կանխատեսելու համար, ասում է տիկին Հերքնազն ու մատնացույց անում հարևանի տան կտուրից բարձրացող ծուխը՝ արդեն աթարի վառարանը դրել են։
Այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գյուղատնտեսական վարկերը ձեռնտու են, անասուններին շատացրել են, բայց անհանգստացած են սպանդանոցների խնդրով։
Հարևան Թանգամյանների տնից աթարի վառարանի ծխի հետ թարմ հացի բույրն էլ է գյուղով մեկ տարածվել։ Օգոստոսին աթար վառելը նորություն չէ Արդենիսում։ Այստեղ ցրտադիմացկուն են, չեն մրսում, տանտիկինը գործ է անում։ Չեչլիլը 21-րդ դարում էլ նույն կերպ են պատրաստում, պատմում է տանտիկինը։ Ամեն օր այս գործի վրա է, 120 դրամով կաթ մթերելը ձեռնտու չէ, պանիր են պատրաստում:
Երրորդ ձեռքն ավելի շատ է աշխատում, քան չարչարվող գյուղացին, դժգոհում է Շավարշ Թանգամյանը։ Անցած տարի, օրինակ, 200-300 դրամ էր տարբերությունը։ Այս տարի հրաժարվում է անասուն մորթել: Տարի է եղել 5 տոննա միս է մթերել։ Եթե շուկան կարգավորեն, մթերման հարցը լուծեն, Աշոցքում միջին վիճակագրական ընտանիքն այդքան միս կարող է արտադրել, ասում են Թանգամյաններն ու շարունակում, գյուղացուն ոչ միայն անտոկոս վարկեր են պետք, այլ օգնություն, որ արտադրածը կարողանա վաճառել ու եկամուտ ապահովել։ Աշոցքում ի վիճակի են արտադրել այնքան, որ ոչ միայն ներքին պահանջը բավարարեն, այլ նաև միս արտահանեն հարևան երկրներ։