Մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագրի շրջանակներում «Հայփոստ» ընկերությունը զինեց նաև Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքը: Քաղաքում բացվել է փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արագածոտնի ամբողջ մարզը:
Այլևս կարիք չկա Արագածոտնի մի փոստային բաժանմունքից մյուսը առաքանի ուղարկելու համար այն հասցնել Երևան կամ Սպիտակ տեսակավորման և այդտեղից կրկին վերաուղարկել Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզի փոստային առաքանիները միանգամից ուղղորդվելու են Աշտարակի տեսակավորման տեղամաս, որտեղից արդեն կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած համայնքի փոստային բաժանմունք՝ գրեթե կրկնակի արագացնելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:
Նախկինում Արագածոտնի մարզը սպասարկվել է «Հայփոստի»՝ Երևանում և Սպիտակ քաղաքում տեղակայված տեսակավորման տեղամասերից, ինչը հանգեցնում էր ժամանակի և լոգիստիկ ռեսուրսների հավելյալ ծախսերի՝ երկարացնելով նաև փոստային առաքանին շահառուին հասցնելու ժամանակը:
Արագածոտնի և մայրաքաղաք Երևանի տեսակավորման տեղամասերի միջև փոստի փոխանակումն այսուհետ կկատարվի օրը երկու անգամ՝ առավոտյան և կեսօրին, ինչը նույնպես զգալիորեն կկրճատի փոստային առաքանիների շրջանառության համար պահանջվող ժամանակը:
Բացի դրանից՝ երկարացվել են Աշտարակ քաղաքի թիվ 1 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: Հրատապ առաքանիների դեպքում Արագածոտնի մարզի բնակիչները կարող են օգտվել «Հայփոստի» Աշտարակ քաղաքի թիվ 1 բաժանմունքի ծառայություններից:
Արագածոտնում պիլոտային ծրագրի գործարկումից հետո մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների զարգացման այս մոդելը կկիրառվի նաև Հայաստանի մյուս մարզերում: